հայերեն english |
Ընտրական օրենսգրքի հոդվածներ
Քվեարկության կարգը
Հոդված 63. Քվեարկության սկիզբը, կարգը
4. Զինծառայողները, ազգային անվտանգության եւ ոստիկանության զորքերում ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով, առանց զենքի, ռազմամթերքի:
5. Տեղամասային կենտրոնում, ընտրական հանձնաժողովի անդամներից եւ քվեարկողներից բացի, կարող են ներկա լինել վստահված անձինք, դիտորդները (տեղական դիտորդների համար` միայն ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու կամ դիտորդական առաքելություն իրականացնելու որակավորման վկայականի առկայության դեպքում), զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն ու վերադաս ընտրական հանձնաժողովների անդամները:
6. Քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 15-ից ավելի քվեարկող: Քվեարկության բնականոն ընթացքն ապահովելու համար ընտրական հանձնաժողովի նախագահն իրավունք ունի ընտրողներին քվեարկության սենյակ թողնելու հերթով` մեկ-մեկ:
Հոդված 64. Ընտրողների գրանցումը
1. Ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ. լիազորված քվեարկությունն արգելվում է: Յուրաքանչյուր ընտրող գրանցվում է հանձնաժողովի` գրանցման համար պատասխանատու անդամի մոտ գտնվող ընտրողների ցուցակում:
2. Հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամն ստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների ցուցակում գտնում է նրա անուն-ազգանունը, դրա դիմացի դատարկ սյունակում լրացնում է անձը հաստատող փաստաթղթի տվյալները, եւ ընտրողը ստորագրում է այդ տվյալների դիմաց` ընտրողի ստորագրության համար նախատեսված սյունակում: Ընտրողի գրանցումն իրականացնող անդամը իր անհատական կնիքն է դնում ընտրողի ստորագրության դիմաց` համապատասխան սյունակում:
Հոդված 65. Քվեարկությունը
2. Գրանցվելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի՝ քվեաթերթիկների եւ քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամին: Վերջինս անջատում է քվեաթերթիկի (քվեաթերթիկների՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում) ելունդը եւ քվեաթերթիկի ներքեւի հատվածը քվեարկության ծրարի հետ հանձնում է ընտրողին: Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ՝ քվեարկելու:
Քվեարկելուց հետո ընտրողն անհապաղ պետք է դուրս գա տեղամասային կենտրոնից:
Հոդված 66. Քվեաթերթիկը լրացնելու կարգը եւ քվեարկության ծրարը կնքելը
3. Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը քվեարկության խցիկում քվեաթերթիկը ծալում է, տեղավորում քվեարկության ծրարի մեջ եւ մոտենում քվեատուփին: Միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում ընտրողը յուրաքանչյուր քվեաթերթիկ տեղավորում է համապատասխան ծրարում:
4. Քվեարկության ծրարը կնքող եւ քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում եւ քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը ստուգելուց եւ դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո:
Քվեարկության ծրարը կնքող եւ քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը կնքում է քվեարկության ծրարը, բացում է քվեատուփի ճեղքը եւ ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու համար:
5. Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո` անհետանում:
6. Եթե հանձնաժողովի անդամը կամ վստահված անձը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունի պահանջելու, որ իր գնահատականը արձանագրվի գրանցամատյանում։
« Վերադարձ