Ընտրողների ցուցակներին վերաբերող օրենսդրական պահանջները

Ընտրողների ցուցակներ » Ընտրողների ցուցակներին վերաբերող օրենսդրական պահանջները

Հոդված 2. Ընտրելու իրավունքը
1. Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն քվեարկության անցկացման օրը Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչեւ քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում ունենալու դեպքում:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ սույն օրենսգրքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձանց վրա:

Հոդված 7. Ընտրողների ռեգիստրը վարելը, ընտրողների ցուցակները կազմելը
1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ըստ մարզերի եւ համայնքների: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետության որեւէ համայնքում հաշվառված եւ ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում չեն ընդգրկվում, որը չի սահմանափակում ընտրողների ցուցակում ընդգրկված լինելու նրանց իրավունքը:
2. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարում եւ ընտրողների ցուցակը կազմում է բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին): Լիազոր մարմինը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը եւ ընտրողների ցուցակը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան վարելու եւ կազմելու համար:

Հոդված 8. Ընտրողներին ցուցակում ընդգրկելը
1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմվում է համայնքի ընտրողների ցուցակ` ըստ ընտրական տեղամասերի, որում ընդգրկվում են սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` համապատասխան ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք: 2. Յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում եւ միայն մեկ անգամ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համայնքի ընտրողների ցուցակում չեն կարող ընդգրկվել այն քաղաքացիները, որոնք այդ համայնքում հաշվառվել են ընտրություններ նշանակվելուց հետո: Սույն պարբերության դրույթները չեն տարածվում այն քաղաքացիների վրա, որոնք համայնքում հաշվառվել են ամուսնությամբ, պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրվելու, ազատազրկման ձեւով պատիժը կրելուց ազատվելու, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվելու կամ այդ համայնքում անշարժ գույք ձեռք բերելու հանգամանքներով պայմանավորված: 10. Զորամասի տարածքից դուրս հաշվառված պայմանագրային զինծառայողները համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:

Հոդված 9. Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները
1. Ընտրողների ցուցակները կազմվում են ըստ ընտրողների հաշվառման վայրի հասցեների:
2. Ընտրողների ցուցակում նշվում են մարզի եւ համայնքի անվանումը, իսկ առանձին սյունակներում՝ ընտրողի՝
1) ցուցակում հերթական համարը.
2) ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը` հաշվառման փաստաթղթերում առկայության դեպքում).
3) ծննդյան ամսաթիվը.
4) հաշվառման վայրի հասցեն, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների դեպքում` քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում բնակվելու վայրի հասցեն:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվող ընտրողների ցուցակներում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված համարակալումը կատարվում է ըստ ընտրական տեղամասերի, ցուցակների յուրաքանչյուր թերթի վրա նշվում է նաեւ ընտրական տեղամասի համարը, նախատեսվում է եւս 4 սյունակ`
1) ընտրողի անձը հաստատող փաստաթղթի սերիայի եւ համարի (այսուհետ` համար),
2) ընտրողի ստորագրության,
3) հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամի անհատական կնիքի,
4) լրացուցիչ նշումների: Ընտրողների ցուցակում լրացուցիչ նշումներ կատարվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
4. Միաժամանակ մեկից ավելի ընտրությունների դեպքում յուրաքանչյուր քվեարկության համար նախատեսվում է ընտրողի ստորագրության առանձին սյունակ:
5. Ընտրողների ցուցակները կազմվում են մատյանի ձեւով եւ էջակալվում մինչեւ 1 000 ընտրողի քանակով, բայց այն հաշվարկով, որ 1 000-ից ավելի ընտրող ունեցող ընտրական տեղամասին հատկացվող ընտրողների ցուցակների յուրաքանչյուր մատյան ընդգրկի մոտավորապես հավասար թվով ընտրողների տվյալներ: Ընտրողների ցուցակի յուրաքանչյուր էջում կարող են նշվել առավելագույնը 20 ընտրողի վերաբերյալ տվյալներ:

Հոդված 14. Ընտրական տեղամասերը
3. Ընտրական տեղամասը կազմավորման պահին չպետք է ունենա ավելի քան 2 000 ընտրող: Սույն մասով սահմանված թիվը կարող է փոփոխվել ընտրողների ցուցակների ճշգրտման եւ սույն օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:



« Վերադարձ