Եզրակացություններ

Հավաստի՞ են արդյոք քվեարկության արդյունքները


I.Եթե հաշվի առնենք, որ հանրապետությունում ընտրողների թիվն ավելացել է, չնայած որ բնակչության թիվը նվազել է, ապա որևէ բնակավայրի առկա ընտրողների թիվը և քվեարկության մասնակիցների թիվը օբյեկտիվորեն չէին կարող ավելին լինել այդ բնակավայրում առկա ընտրողների, առավել ևս, առկա բնակչության թվից:

Այն բնակավայրերում, որտեղ արձանագրվել են բարձր տոկոսով մասնակցություններ, դրանց որոշ տեղամասերում մասնակցության չափերը կարող էին գերազանցել ոչ միայն տեղամասերում առկա ընտրողների թվին, այլ նաև տեղամասի ընտրողների հասցեներում առկա բնակչության, ներառյալ՝ երեխաների թվին: Ցավոք, ըստ բնակավայրերի և ըստ տեղամասերի առկա բնակչության թվերը վերջին մարդահամարից հետո, մինչ ընտրությունները, չեն հրապարակվել, իսկ առկա ընտրողների թվերն, ըստ տեղամասերի, չեն պարզվել, ո՛չ պետական կառույցների, ո՛չ էլ շահագրգիռ կազմակերպությունների կողմից, թեկուզև օրենսդրությամբ նման բան նախատեսված չէր, իսկ դա չարաշահման լրացուցիչ հնարավորություն էր:

Առկա են բնակավայրեր, որտեղ արձանագրվել են քիչ հավանական, բարձր տոկոսներով քվեարկությանը մասնակցած ընտրողների թվեր:

Համապատասխան բնակավայրերի այն տեղամասերում, որտեղ գրանցվել են մասնակցության չափազանց բարձր տոկոսներ, չեն կարող կասկած չհարուցել:

Մինչև 60% մասնակցությամբ, 1330 տեղամասերի քվեարկության արդյունքներով, Այո քվեների թիվը չի գերազանցում 640000-ը, առավել ևս ընդհանուր ընտրողների 25% - ը: Առկա մնացած 60%-ից ավել մասնակցությամբ 667 տեղամասերում, որոնցում ընտրողների ընդհանուր թիվը հավասար է 651510-ի, մասնակիցների ընդհանուր թիվը հավասար է 456408-ի, մասնակցության միջին 70%-ը քիչ հավանական է, քանի որ այն կգերազանցի համապատասխան տեղամասերի տարածքում առկա ընտրողների թիվը, իսկ որոշ տեղամասերում, գուցե, նույնիսկ առկա բնակչության թիվը:

Եթե հաշվի առնենք, որ Երևանում ընտրողների թիվը հանրապետության ընտրողների թվի մոտ 33% -ն է, որտեղ 471 տեղամասերում մասնակցության միջին տոկոսը 46.36% է, ԱՅՈ - 24.5% (չնայած Երևանի որոշ տեղամասերում մասնակցության բարձր տոկոսների առկայության), Շիրակում մասնակցությունը` 41.27%, ԱՅՈ - 21.47%, Լոռիում` 46.24%, ԱՅՈ - 26%, ապա որոշ մարզերի, ինչպես օրինակ՝ Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արմավիրի բազմաթիվ տեղամասերում մասնակցության չափազանց բարձր տոկոսներն ինքնին այդ տեղամասերի քվեարկության արդյունքների անհավաստիության հիմք են:

Այն տեղամասերում, որտեղ բարձր են ընտրություններին մասնակցած ընտրողների թվերի տոկոսները, բարձր են նաև ԱՅՈ-ի տոկոսները: Տեղամասերի մասնակցության տոկոսների աճմանը զուգընթաց ՈՉ-ի տոկոսները նվազում են:

Համապատասխան տեղամասերի քվեարկության արդյունքների քվեների տոկոսները hամապատասխան տեղամասի ընտրողների թվից ընտրանքային եղանակի և համեմատելու հնարավորությամբ, աղյուսակով ու գրաֆիկական պատկերներով ներկայացված են http://elections.transparency.am կայքի http://elections.transparency.am/2015/index.php?am_distribution-votes-by-precinct,52 էջում:

Մասնակցության տոկոսների աճին զուգընթաց (ըստ բնակավայրերի հաշվարկված) ԱՅՈ-ի և ՈՉ-ի քվեների տոկոսների դինամիկայի գրաֆիկական պատկերները ներկայացված են http://elections.transparency.am/2015/index.php?am_analysis,19 էջում, ըստ տեղամասերի` http://elections.transparency.am/2015/index.php?am_distribution-depends-participation,53 էջում:


II.Առկա են ընտրողների մոտ 72% (12300) մասնակցությամբ շուրջ 100 տեղամասեր, որտեղ արձանագրվել են մեկ ընտրողի, մեկ սեղանի մոտ ցուցակում գրանցման համար անհրաժեշտ միջին նվազագույն ժամանակին` 44 վայրկյանին մոտ և պակաս ժամանակներ, նույնիսկ կան 20 վայրկյանից պակաս ժամանակ արձանագրած տեղամասեր, որոնցում քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը գերազանցել է 250-ը, իսկ գրանցման ցուցակների 2 սեղանով տեղամասերում` 500-ը:

Մեկ ընտրողի քվեարկության համար, ոչ մեծ հավանականությամբ, 60 վայրկյանից պակաս արագությամբ քվեարկություններ արձանագրած տեղամասերի քանակը 474 է՝ 762865 ընտրողների ընդհանուր թվով և 476719 (62.49 %) քվեարկությանը մասնակցած ընտրողների ընդհանուր թվով:

Մեկ ընտրողի քվեարկության համար, ոչ մեծ հավանականությամբ, 55 վայրկյանից պակաս արագությամբ քվեարկություններ արձանագրած տեղամասերի քանակը 327 է՝ 525848 ընտրողների ընդհանուր թվով և 342736 (65.18 %) քվեարկությանը մասնակցած ընտրողների ընդհանուր թվով:

Այսպիսով, բազմաթիվ տեղամասերում պաշտոնապես արձանագրվել են գրեթե կամ բացարձակապես անհավանական արագությամբ քվեարկություններ և 3 ժամվա ընթացքում տեղամասերի ֆիզիկապես, ոչ միայն գործնականում, այլ նաև տեսականորեն, հնարավոր թողունակությունները գերազանցող մասնակցություններ: Քիչ հավանական կամ գրեթե անհավանական արագությամբ քվեարկություններ կազմակերպած տեղամասերի մեծամասնությունում, առավելագույն քվեները հաշվել են գործող ԱՅՈ -ի օգտին:

Առկա են 5 տեղամասեր, որտեղ հաջորդ որևէ երեք ժամում մասնակիցների թիվն ավելանալու փոխարեն նվազել է: Ինչը նշանակում է, որ այդ տեղամասերում քվեարկության արդյունքները կեղծվել են կամ եղել են կեղծելու փորձեր:

Տարբեր թողունակության գնահատմամբ տեղմասերի առանձնացման հնարավորություններով դինամիկ էջը http://www.electionscount.info/2015/index.php?am_participation,20


III. Հիմնականում այն տեղամասերում, որտեղ եղել է հասարակական պատշաճ հսկողություն արձանագրվել են մասնակցության ցածր տոկոսներ, և այլ տոկոսային հարաբերակցությամբ քվեների բաշխումներ, քան այն տեղամասերում, որոնցում հանրային պատշաճ վերահսկողություն չի իրականացվել:

Հետևաբար չի բացառվում նաև ՈՉ - ի քվեներն ԱՅՈ - ի օգտին հաշվելու հնարավորությունը, ի դեպ, նմանատիպ երևույթների վերաբերյալ կան նաև հրապարակված հայտարարություններ, այդ թվում, նաև լրատվամիջոցներում:


IV.Եթե տեղամասում քվեարկությունից առաջ, քվեարկության ընթացքում և քվեների հաշվման ժամանակ ընտրական օրենսդրության պահանջներին չհամապատասխանող գործառույթներ չեն եղել, ապա ընտրական թվերն ու դրանց գումարները միմյանց հետ համադրելիս դրանց միջև պետք է լինի համապատասխանություն: Իսկ եթե տեղամասում քվեարկությունից առաջ, քվեարկության ընթացքում և քվեների հաշվման ժամանակ ընտրական օրենսդրության պահանջներին չհամապատասխանող գործառույթներ են եղել, ոչ ընտրական հանձնաժողովի կողմից, ապա ընտրական հանձնաժողովը պետք է արձանագրեր այդ երևութի հետ կապված փաստը, որը կբացատրեր ընտրական թվերի անհամապատասխանության պատճառը: Օրինակ՝եթե ընտրողը ստորագրել է ստորագրացուցակում, բայց քվեարկության ծրարը քվեատուփ չի գցել, որը չէր կարող չնկատվել հանձնաժողովի կողմից, ապա ստորագրությունների թվի՝ քվեատուփում առկա ծրարների թվից մեկով ավելի լինելու փաստը, տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ կհիմնավորվեր ու հանձնաժողովն իր գործը պատշաճ կատարած կլիներ: Այլապես ստացվում է, որ հենց հանձնաժողովն է խախտել օրենսդրության պահանջը, կամ ավելի վատ, ստորագրություն է կեղծել: Եթե քվեատուփում ավելի թվով ծրարներ և քվեաթերթիկներ կան, քան ընտրացուցակում ստորագրությունների թիվն է, ապա դա ոչ այլ ինչ է, քան լցոնում, ինչը չեր կարող չնկատվել հանձնաժողովի կողմից:

Իսկ եթե քվեատուփում ծրարների թիվն ավելի է, քան քվեաթերթիկները, ապա դա ենթադրել է տալիս, որ որոշ ընտրողներ քվեաթերթիկները դուրս են տարել տեղամասից: Տվյալ դեպքում կարելի է ենթադրել, որ դրսում շրջանառվում են քվեաթերթիկներ, այսինքն՝ ընտրողների ինչ որ խմբերի պարտադրելով կամ կաշառելով, դրսում կարող են տալ լրացված քվեաթերթիկ՝ պահանջելով դուրս բերել տեղամասում իր ստացած դատարկ քվեաթերթիկը («կարուսելի» երևույթը): Տվյալ դեպքում երևույթը կարող են պարզել լրատվամիջոցներն ու իրավապահ մարմինները: Ընտրական թվերի անհամապատասխանություններ առկա են 614 տեղամասերում, որոնց ընտրողների ընդհանուր թիվը 931092 է, մասնակիցների թիվը՝ 449250, տվյալ տեղամասերի ընտրողների ընդհանուր թվի մոտ 48%-ը, իսկ այդ տեղամասերից մոտ 250 - ում մասնակցությունը կազմել է 70%-ից ավել, ԱՅՈ - 82% մասնակիցներից մոտ 65% այդ տեղամասերի ընտրողների ընդհանուր թվից: Այսպիսով, ընտրատեղամասում առկա ընտրական թվերի ցանկացած անհամապատասխանություն նշանակում է, որ օրենսդրությամբ սահմանված քվեարկության կարգի խախտում է եղել: Իսկ եթե ընտրական թվերի անհամապատասխանությունների պատճառները բացահայտելու ուղղությամբ վերադաս հանձնաժողովները քայլեր չեն ձեռնարկել, ապա նրանք իրենց պարտականությունները նույնպես պատշաճ չեն իրականացրել:

Ընդ որում, անվավեր քվեաթերթիկների թիվը բոլոր տեղամասերում, այդ թվում նաև գրեթե կասկածի տեղիք չտվող տեղամասերում, կազմել է ընտրությանը մասնակցած ընտրողների թվի 4.1%-ը, ընտրողների ընդհանուր թվի 2%-ը:


V. Քիչ հավանական է, որ նույն բնակավայրի միմյանցից մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ գտնվող տեղամասերի քվեարկության արդյունքներն իրարից հսկայական չափերով տարբերվեն: 140 նույն հասցեներում առկա են 289 տեղամասեր: Առավել ևս անհավանական է, որ նույն հասցեի երկու և ավելի տեղամասերի արդյունքներն իրարից մեծ չափերով տարբերվեն և դրանցից մեկում, ի տարբերություն մյուսի, արձանագրվեն բարձր տոկոսի մասնակցություն և անհավանական արագությամբ քվեարկություններ, առավել ևս, որ մեկում հաղթի ԱՅՈ - ն, մյուսում ՈՉ-ը: Ինչից կարելի է եզրակացնել, որ առնվազն, նվազագույնը 44 հասցեների 93 տեղամասերից 49 ում կեղծիքներ են եղել, իսկ ավելի ճիշտ, լցոնումներ և ընտրացուցակներում կեղծ ստորագրություններ են դրվել: Ընդ որում, բոլոր նշված հասցեների բարձր մասնակցություն արձանագրած տեղամասերում չափազանց բարձր տոկոսներով հաղթել է ԱՅՈ - ն, իսկ նույն հասցեի մյուս տեղամասում ՈՉ-ն հաղթել է ոչ բարձր տոկոսով:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինչպես ցույց է տվել անցյալի և ցույց տվեց 2015թ. հանրաքվեի փորձը, դժվար թե կարելի կլինի ընտրությունների արդար անցկացում, կամ ընտրողների գերակշիռ մեծամասնության իրական ցանկություններին համարժեք Ազգային ժողովի կազմավորում:

Ընտրական օրենսդրության բարելավման և ընտրությունների արդյունքները հասարակության բոլոր անդամների համար վստահելի դարձնելու, ընտրակեղծիքների հնարավորությունները նվազեցնելու և ընտրական համակարգի նկատմամբ վստահությունը բարձրացնելու անհրաժեշտությունից ելնելով, արժեր մտածել ընտրողներին իրենց ընտրական իրավունքն իրականացնելու առավել լայն հնարավորությունների վերապահման և առավել կատարյալ ընտրական համակարգի կիրառման մասին:

Եթե օրենսդրությունը ընտրակեղծիքների հնարավորությունները չի բացառում ու իր մեջ չի ներառում ընտրակեղծիքների բացահայտման հստակ մեխանիզմների, նորմերի փաթեթ, ապա, դժվար թե ընտրակեղծիքներ չլինեն: Կստացվի այնպես, որ օրենսգրքով նախատեսված կլինի իրավական հիմքեր` կախված իրավիճակից ու իրադրությունից, ոչ արդար ընտրությունների արդյունքներն օրինական համարելու համար, ինչի փորձն արդեն դարձել է ավանդույթ Հայաստանում և նմանատիպ այլ երկրներում:

Եթե օրենսդրությամբ ընտրական թվերի օբյեկտիվ գնահատման և մանդատների բաշխման ճշգրիտ հաշվարկի նորմեր չեն սահմանվում, այսինքն`ընտրությունների արդյունքների ամփոփման սուբյեկտիվ մոտեցման հնարավորություններ են ընձեռվում, ապա նրանք, ովքեր հնարավորություն են ստանում ընտրակեղծիքներով իշխանության հասնել, դժվար թե չօգտվեն այդ հնարավորությունից: Ուստի, օրենսդրությամբ պետք է հնարավորություններ նախատեսել ընտրակեղծիքների դեմն առնելու համար` սահմանելով նորմեր, որոնք`
1. Կբացառեն այլոց փոխարեն քվեարկություններ կազմակերպելու հնարավորությունը:
2. Քվեարկության և արդյունքների ամփոփման սուբյեկտիվ մոտեցումների հնարավորությունները կնվազեցնեն կամ կբացառեն: Քվեների հաշվվման գործառույթներն այնպես կկանոնավորեն, որ դրանք կեղծելու հնարավորությունները կհասցնեն նվազագույնի կամ կբացառեն:
3. Քվեարկության ընթացքի և արդյունքների ամփոփման գործառույթների վրա հասարակական ոչ կողմնակալ վերահսկողության hնարավորությունները կմեծացնեն:
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի ոչ պատշաճ աշխատանքի արդյունքում ընտրական թվերի անհամապատասխանությունների առկայության դեպքում այդ տեղամասի քվեարկության արդյունքները, ըստ օրենքի, անվավեր կճանաչվեն և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչված առանձին տեղամասում վերաքվեարկության հնարավորություն կընձեռեն: Եթե հաշվի առնվի տեղամասի ընտրողների թիվը, որը կփոխի մանդատների բաշխման հարաբերակցությունը:

Պարզ է, որ ընտրական օրենսդրությունը, որքան էլ կատարյալ լինի, միևնույնն է հասարակության մեծամասնության վախի, անտարբերության ու հիասթափության, պետական մեքենայի, հատկապես ուժային կառույցների հասարակության դեմ ուղղված գործողությունների արդյունքում, ընտրակեղծիքներով, զենքով, ստիպողաբար իշխանություն վերցնողն, այն կվերցնի: Չնայած դրա, լավ օրենսդրության առկայությունը հնարավորություն է հասարակության համար, գոնե օրենքների շրջանակում, փորձել հասնել արդարության:

Ճիշտ կլիներ, որ համապետական ընտրություններն առաջիկայում կազմակերպվեին էլեկտրոնափաստաթղթային քվեարկությամբ կամ գոնե քվեարկության մասնակցությունն ու քվեաթերթիկների հաշվարկն իրականացվեր ավտոմատացված համակարգերով, իսկ այլոց փոխարեն քվեարկություններ կազմակերպելու հնարավորությունները բացառելու համար ընտրողների քվեարկության մասնակցության գրանցումն իրականացվեր կենսաչափական տվյալների՝ մատնահետքերի, համադրությամբ, ավտոմատացված ստուգող սարքերով:

Եթե քվեարկություններն իրականացվեն քվեմեքենաների միջոցով, այնպիսի քվեմեքենաների, որը կբացառեր այլ մարդու փոխարեն քվեարկելու, քվեարկության արդյունքները որևէ մեկի կողմից փոխելու հնարավորությունները, ապահովված կլիներ անկախ, առանց արտաքին հնարավոր միջամտություն գործելու տեխնիկական կարողությամբ, ապա կտրուկ կնվազեր պետական կառույցների, ընտրակաշառք բաժանողների, ընտրողներին այս կամ այլ կերպ քվեարկություն պարտադրելու հնարավորություն ունեցողների ոչ պատշաճ ազդեցությունները ընտրությունների արդյունքների վրա: Իսկ ամենակարևորը, կնվազեր ընտրական հանձնաժողովների անդամների ընտրակեղծիքներին մասնակցելու, ինչպես նաև ընտրակեղծիքներով ընտրությունների արդյունքները հաստատելու հավանականությունը:
Էլեկտրոնափաստաթղթային քվեարկությունը ենթադրում է, որ արտաքին միջամտության հնարավորությունից զերծ մնալու հնարավորությամբ ապահովված և մինչ քվեարկությունը բոլորի համար թափանցիկ ձևով ստուգված քվեմեքենան միայն կենսաչափական տվյալների գրանցմամբ ու բազայում եղած տվյալի հետ համընկնելու դեպքում թույլ կտար ընտրողին քվեարկել, կտպեր քվեաթերթիկը, ինչն ընտրողը կդներ ծրարի մեջ և կգցեր քվեատուփ: Այս դեպքում հնարավորություն կլիներ նաև մարդկանց կողմից ստուգելու քվեարկության արդյունքները, իսկ քվեմեքենայի արդյունքները կերևար միայն քվեարկության ավարտից անմիջապես հետո և անմիջապես հասու կդառնար բոլորին:



« Վերադարձ