Ընտրական օրենսգրքի հոդվածներ

Սկիզբ » Ընտրական օրենսգրքի հոդվածներ

Հանրաքվեի մասին օրենք:

 

Հոդված 34. Կենտրոնական հանձնաժողովում հանրաքվեի արդյունքների ամփոփման կարգը
1. Կենտրոնական հանձնաժողովն ընտրատարածքային հանձնաժողովներից ստացված՝ հանրաքվեի տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում դրանք ու հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում այդ արդյունքները:
2. Կենտրոնական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` յոթերորդ օրը, հիմք ընդունելով հանրաքվեի տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն` քվեարկության արդյունքների վերաբերյալ:
3. Քվեարկության արդյունքների մասին արձանագրությունում նշվում են`
1) հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը, լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվերը` առանձին-առանձին.
2) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակներում եւ լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվերի գումարին.
3) քվեարկության մասնակիցների թիվը.
4) տեղամասային հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը եւ ելունդների համարները.
5) տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
6) անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
7) "ԱՅՈ" քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
8) "ՈՉ" քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
9) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների ընդհանուր թիվը.
10) անճշտությունների գումարային չափը:
Հանրաքվեի դեպքում անճշտությունների գումարային չափը հավասար է կազմավորված հանրաքվեի բոլոր տեղամասերի անճշտությունների գումարային չափերի գումարին:
4. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի անդամները: Արձանագրությունը կնքում է հանձնաժողովի նախագահը:
5. Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
6. Կենտրոնական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` յոթերորդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է հանրաքվեի արդյունքները եւ ընդունում որոշում հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:

Հոդված 35. Հանրաքվեի արդյունքների ամփոփումը
1. Կենտրոնական հանձնաժողովը, սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում ամփոփում է հանրաքվեի արդյունքները եւ ընդունում հետեւյալ որոշումներից մեկը.
1) հանրաքվեի դրված նախագծի ընդունման մասին.
2) հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
3) հանրաքվեի դրված նախագծի չընդունման մասին.
4) հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու եւ նոր քվեարկություն նշանակելու մասին:
2. Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:
3. Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է չընդունված, եթե ապահովված չեն սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները:
4. Կենտրոնական հանձնաժողովը, սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում ամփոփում է պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվեի արդյունքները եւ ընդունում հետեւյալ որոշումներից մեկը.
1) հանրաքվեի արդյունքները հաստատելու մասին.
2) հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
3) հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու եւ նոր քվեարկություն նշանակելու մասին:
5. Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, ապա կենտրոնական հանձնաժողովը որոշում է ընդունում հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետեւանքները:
6. Եթե հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ընթացքում կամ հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, ապա կենտրոնական հանձնաժողովը որոշում է ընդունում հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին եւ նշանակում է նոր քվեարկություն:
7. Հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով դիմում սահմանադրական դատարան կարող է ներկայացվել հանրաքվեի արդյունքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` մինչեւ հինգերորդ օրը, ժամը 18.00-ն:
8. Հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակվում եւ անցկացվում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում: Նոր քվեարկությունն անցկացվում է հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 15, եւ ոչ ուշ, քան 30 օր հետո սույն օրենքով սահմանված կարգով:»:

 

Քվեարկության կարգը

 

Հոդված 63. Քվեարկության սկիզբը, կարգը
4. Զինծառայողները, ազգային անվտանգության եւ ոստիկանության զորքերում ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով, առանց զենքի, ռազմամթերքի:
5. Տեղամասային կենտրոնում, ընտրական հանձնաժողովի անդամներից եւ քվեարկողներից բացի, կարող են ներկա լինել վստահված անձինք, դիտորդները (տեղական դիտորդների համար` միայն ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու կամ դիտորդական առաքելություն իրականացնելու որակավորման վկայականի առկայության դեպքում), զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն ու վերադաս ընտրական հանձնաժողովների անդամները:
6. Քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 15-ից ավելի քվեարկող: Քվեարկության բնականոն ընթացքն ապահովելու համար ընտրական հանձնաժողովի նախագահն իրավունք ունի ընտրողներին քվեարկության սենյակ թողնելու հերթով` մեկ-մեկ:

Հոդված 64. Ընտրողների գրանցումը
1. Ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ. լիազորված քվեարկությունն արգելվում է: Յուրաքանչյուր ընտրող գրանցվում է հանձնաժողովի` գրանցման համար պատասխանատու անդամի մոտ գտնվող ընտրողների ցուցակում:
2. Հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամն ստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների ցուցակում գտնում է նրա անուն-ազգանունը, դրա դիմացի դատարկ սյունակում լրացնում է անձը հաստատող փաստաթղթի տվյալները, եւ ընտրողը ստորագրում է այդ տվյալների դիմաց` ընտրողի ստորագրության համար նախատեսված սյունակում: Ընտրողի գրանցումն իրականացնող անդամը իր անհատական կնիքն է դնում ընտրողի ստորագրության դիմաց` համապատասխան սյունակում:

Հոդված 65. Քվեարկությունը
2. Գրանցվելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի՝ քվեաթերթիկների եւ քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամին: Վերջինս անջատում է քվեաթերթիկի (քվեաթերթիկների՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում) ելունդը եւ քվեաթերթիկի ներքեւի հատվածը քվեարկության ծրարի հետ հանձնում է ընտրողին: Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ՝ քվեարկելու:
Քվեարկելուց հետո ընտրողն անհապաղ պետք է դուրս գա տեղամասային կենտրոնից:

Հոդված 66. Քվեաթերթիկը լրացնելու կարգը եւ քվեարկության ծրարը կնքելը
3. Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը քվեարկության խցիկում քվեաթերթիկը ծալում է, տեղավորում քվեարկության ծրարի մեջ եւ մոտենում քվեատուփին: Միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում ընտրողը յուրաքանչյուր քվեաթերթիկ տեղավորում է համապատասխան ծրարում:
4. Քվեարկության ծրարը կնքող եւ քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում եւ քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը ստուգելուց եւ դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո:
Քվեարկության ծրարը կնքող եւ քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը կնքում է քվեարկության ծրարը, բացում է քվեատուփի ճեղքը եւ ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու համար:
5. Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո` անհետանում:
6. Եթե հանձնաժողովի անդամը կամ վստահված անձը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունի պահանջելու, որ իր գնահատականը արձանագրվի գրանցամատյանում։



« Վերադարձ